Արցախի ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է Ադրբեջանի դիվերսիայի տեսանյութը և հարձակման ենթարկված ավտոմեքենայի երթուղին

Armenian Radio 1 views
Արցախի ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է մարտի 5-ին Ադրբեջանի դիվերսիայի տեսանյութը և հարձակման ենթարկված ավտոմեքենայի երթուղին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիվերսիայի տեսանյութը ներկայացնող հաղորդագրության մեջ նշված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այսօր «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակումը՝ Ստեփանակերտից հերթափոխի ուղևորված ոստիկանական մեքենայի անձնակազմի վրա փորձելով հիմնավորել կեղծ և սուտ այն թեզով, թե իբր ՀՀ-ից Արցախ զենքի տեղափոխում է կանխել։

Ներկայացնում ենք ադրբեջանական հարձակման տեսանյութը արդեն 84 օր շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախի ոստիկանության անձնակազմի վրա, որտեղ հստակորեն երևում է մեքենայի շարժի ուղղությունը (Ստեփանակերտից դեպի հերթափոխի վայր`Շուշիի շրջան) և անառարկելիորեն ապացուցում է ադրբեջանական պաշտպանության նախարարության պնդման կեղծ լինելը:

Նախ, մեքենայում ոչ մի զենք չկար՝ բացի ոստիկանների ծառայողական զենքերից: Երկրորդ, չէր էլ կարող զենքի տեղափոխություն իրականացվել, քանի որ նրանք ոչ թե ՀՀ-ից, այլ Ստեփանակերտից էին շարժվում դեպի իրենց հերթափոխի վայր:

Տեսանյութում հստակորեն երևում է նաև ադրբեջանական զինծառայողների տեղաշարժը և այն դրվագը, թե ինչպես են մոտենում մեքենային, բացում դուռը և կրկին կրակում ու հետ փախչում»:

Ավտոմեքենայի երթուղու տեսանյութը ներկայացնող հաղորդագրությունում նշված է. «Ստեփանակերտից ուղևորված մեքենայի երթուղին մեկնարկային կետից մինչև ադրբեջանական դիվերսիայի հարձակման վայր՝ «Խայփալու» կոչվող տեղանք»:

Add Comments