Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի հաստատումից հետո, ցուցարարները կրկին դուրս են եկել փողոցներ:
AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փարիզ, Մարսել և Թուլուզ քաղաքներում ուրբաթ օրը կրկին տեղի են ունեցել բողոքի ցույցեր, իսկ Նանտ քաղաքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ցուցարարների միջև։
Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել և թույլ չի տվել նրանց շարժվել դեպի քաղաքային խորհուրդ։ Reuters-ի փոխանցմամբ՝ Լիոնում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել։
Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Փարիզում ցուցարարները հրկիզել են աղբամաններ և հեծանիվներ, իսկ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ նրանց ցրելու համար։
Ըստ այս հաղորդումների՝ ցուցարարները հավաքվել են Փարիզի քաղաքային խորհրդի դիմաց և բողոքել Սահմանադրական խորհրդի որոշման դեմ։ Որոշման դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Դիժոն, Ստրասբուրգ և Մարսել քաղաքներում:
Արհմիությունները կոչ են արել ցուցարարներին Աշխատավորների միջազգային օրը՝ մայիսի 1-ին, դուրս գալ փողոց՝ բողոքելու կենսաթոշակային բարեփոխումների դեմ, իսկ Մակրոնին խնդրել են չստորագրել օրենքը:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն ուրբաթ օրը հաստատել է Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց օրենքի հիմնական կետերը և մերժել առաջարկվող բարեփոխումների մի մասը:
Խորհուրդը դեմ է արտահայտվել օրենքի վեց հոդվածներին, որոնք անհրաժեշտ չի համարել, միևնույն ժամանակ մերժելով ընդդիմության խնդրանքը՝ այլընտրանքային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին, որը կենսաթոշակային տարիք կսահմանի 62 տարեկանը:
Մակրոնի առաջարկած օրենքով նաատեսվում է կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել 64-ի: