Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, նրանք վերադառնում են հայրենիք։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և երկրի ազգային օլիմպիական կոմիտեն։
«2023 թվականի ապրիլի 14-ին` Հայաստանի մայրաքաղաք Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից ցուցադրաբար այրվել է Ադրբեջանի դրոշը։
Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է «ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը» (չակերտները՝ Tert.am-ի), ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին հնարավոր չէ «հոգեբանական ճնշման» (չակերտները՝ Tert.am-ի) պատճառով։
Հաշվի առնելով այս ամենը՝ ադրբեջանցի մարզիկներին հայրենիք վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացվել։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ։