Իրանը հայ գրողների աչքերով. լույս է տեսել «Իրանի արևը» ժողովածուն
«Իրանի արևը» ժողովածուում, որը «Մենք և աշխարհը» շարքի առաջին գիրքն է, զետեղվել են հայ դասական և ժամանակակից գրողների՝ Իրանի պատմության, մշակույթի և գրականության, հայ և պարսիկ ժողովուրդների պատմական անցյալի և ներկայի մասին գեղարվեստական ստեղծագործությունները, հոդվածներն ու խոհագրությունները:
«Իրանի արևը» գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ին Հայաստանի գրողների միությունում, միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ հայ-իրանական գրական կապերն ամուր են:
«Մենք պարբերաբար Հայաստան ենք հրավիրում իրանցի գրողների, հետո նրանք են մեզ Իրան հրավիրում: Հայ ժամանակակից գրականությունը շատ է հետաքրքրում իրանցիներին: Նրանք ոչ միայն հրատարակում, այլև վերահրատարակում են մեր հեղինակների ստեղծագործությունները»,-նշեց Միլիտոնյանն ու հավելեց, որ Հայաստանում էլ Իրանի ժամանակակից դրամատուրգներին են թարգմանում:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին էլ կարևորեց նման գրքերի հրատարակման դերը երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման գործում: «Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը նպաստում է, որ ավելի լավ ճանաչենք մեր ժողովուրդների մշակույթը և քաղաքակրթությունը, որն անհրաժեշտ է փոխանցել մատաղ սերնդին»,-շեշտեց դեսպանը:
Նախագծի հեղինակը Էդվարդ Միլիտոնյանն է: Գիրքը հրատարակվել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի աջակցությամբ: